«Երևանի ճարտարապետական կերպարի մասին», 1957թ.
«Մեր շենքերը կառուցվում են քարից: Բայց, դժբախտաբար, մեր շատ ճարտարապետներ, մտածելով, թե մենք Եվրոպայից հետ ենք մնում, որովհետև այնտեղ քար չեն գործածում, սկսում են մեր քարի կոնստրուկցիաներին տալ իրեն ոչ հարազատ ձևեր: Շատերը կարծում են, թե իրենք նորարարություն են անում քարը թաքցնելով, մինչդեռ այդ բանը, որ հիմա համարվում է ժամանակակից ճարտարապետություն, հայտնի էր դեռ 30-ական թվականներին և այն ժամանակ «մոդեռնի» փոխարեն կոչում էին «կոնստրուկտիվիզմ»…
…Մենք տուրք ենք տալիս երկաթբետոնին, ընդ որում՝ անում ենք վատորակ, լցնում ապակիով և ասում՝ «ժամանակակից է», երբ ապակու այդքան մեծ քանակը անհարմար է լինում, նույնիսկ՝ վնասակար: Մենք շատ հաճախ ժամանակակից ասելով մեծ մասամբ պատկերացնում ենք երկաթբետոնե կմախք՝ ապակիով ծածկված»:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը միանշանակ համաձայն չէ Ռաֆայել Իսրայելյանի դիտարկման հետ, բայց նշում է, թե պարադոքսն այն է, որ նրա ասածը, կարծես, Երևանի ճարտարապետության դեմ շուռ եկած լինի: «Իհարկե, այն միտքը, որ յուրաքանչյուր օգտագործված նյութ պետք է պահպանի իրեն հատուկ տեսքը, միանշանակ է. քարից շենքը պետք է քարից շենքի տեսք ունենա, երկաթբետոնից շենքը՝ երկաթբետոնի և այլն: Բայց դրա հետ մեկտեղ չի կարելի տարբերակել՝ սա ազգային ճարտարապետություն է, սա՝ ոչ: Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Երևանում, կեղծ ճարտարապետություն է. նորակառույց շենքերը փորձում են նմանվել քարե ճարտարապետությանը, թեև այդպիսին չեն: Երբ երկաթբետոնե կառույցը, կոպիտ ասած, փաթաթում են քարի շերտով և ինչ-որ դեկորացիաներ ավելացնում, դրանք ներդաշնակ չեն նայվում ու տեկտոնիկ չեն», — գտնում է Արսեն Կարապետյանը՝ հավելելով, որ ցանկացած փորձառու ճարտարապետ կնկատի, որ դրանց մեջ կեղծավորություն կա:
Ինչ վերաբերում է ժամանակակից ճարտարապետության վերաբերյալ Իսրայելյանի նշած թյուր պատկերացումներին, ապա դրանք, ըստ Կարապետյանի, կան նաև այսօր: «Նույն հաջողությամբ կա տարածված կարծիք, թե կամարը՝ որպես ճարտարապետական տարր, հայկական է: Եվ եթե շենքն ունի կամար, ուրեմն հայկական է, իսկ ապակեպատ շենքը հայկական չէ: Ընդհանրապես, հայկական է այն շենքը, որը կառուցվել է Հայաստանում, հայ ճարտարապետի նախագծով և բավարարում է տեղային պահանջներին: Այն կարող է լինել և' քարից, և' ապակուց, և' երկաթբետոնից, և' փայ-տից: Հարցադրումն ինքնին արդեն սխալ է. ժամանակակից է այն շենքը, որի փիլիսոփայությունն է ժամանակակից, ոչ թե նյութը: Խնդիրը մտածելակերպի մեջ է»:
Ըստ Արսեն Կարապետյանի, առհասարակ, հայերն ազգային ճարտարապետության մեջ ինչ-որ ֆոլկլյորային իմաստ են դնում, որը հենց Իսրայելյանից է եկել: «Իհարկե, Ռաֆայել Իսրայելյանն իսկապես տաղանդավոր ճարտարապետ էր, և իր մտքին դրածը կարողանում էր հմտորեն կյանքի կոչել, բայց նրա ճանապարհը շարունակելը շատ վտանգավոր է: Նույն Ճապոնիայում կառուցվում են ապակե բազմահար-կեր, որոնք բոլորովին կապ չունեն նրանց ազգային խորհրդանշանների ու մշակույթի հետ, բայց հմուտ աչքը միանշանակ կասի, որ դրանք Ճապոնիայում են կառուցվել: Նույնը մեզ մոտ պետք է լինի, բայց դա մեծ հմտություն ու ջանքեր է պահանջում: Հայկական ազգային ճարտարապետությունը իրար կողքի երեք հատ խաղող քանդակելը չէ, ազգայինը քիչ արտահայտչամիջոցներով շատ բան ասելն է», — նշում է ճարտարապետը՝ համարելով, որ հայկական ազգային ճարտարապետությունը, իր կարծիքով, լակոնիկ է, մինիմալիստական, բայց բովանդակալից:
«Մտքեր Երևանի կառուցապատման մասին», 1960թ.
«Դժվար է Երևանը պատկերացնել առանց Արարատի վեհաշուք տեսարանի: Նրանք հայտնի են որպես մի ամբողջություն: Հայտնի է և այն, որ Արարատի ամենագեղեցիկ դիրքը երևում է հատկապես Երևանից և նրա շրջապատից: Սակայն մեր քաղաքում չկա մի հատուկ ճարտարապետական միջավայր, որն ուղղակի նվիրված կլիներ Արարատ լեռանը: Ճիշտ է, քաղաքի Հոկտեմբերյան (այժմ՝ Տիգրան Մեծի) և Օրջոնիկիձեի (այժմ՝ Արշակունյաց) պո-ղոտաներից կարելի է դիտել Արարատը, բայց այդ փողոց-ների առանձին հատվածներից է, որ երևում է լեռը և այն էլ չի ընկալվում իր ողջ վեհ պատկերով»:
Ճարտարապետ Կարեն Բալյանը նշում է, որ Երևանի քաղաքաշինական կոմպոզիցիայում Արարատի առկայությունը Ալեքսանդր Թամանյանի համար մայրաքաղաքի հատակագծի հիմնահարցերից մեկն էր: «Ողջ քաղաքն իր հիմնական ճարտարապետական անսամբլներով ուղղված էր դեպի այդ լեռն ու դրա հետ միասին մեկ ամբողջություն էր կազմում: Թամանյանի մահից հետո՝ սկսած 1937-ից Հայաստանում վերջնականապես սկսեց գերակշռել ստալինյան ճարտարապետությունը, քաղաքը տոտալիտար ձևով սկսեց վերակառուցվել: Այդ վերակառուցման հիմնախնդիրը ազգային գաղափարների վերացումն էր, այդ թվում Երևանի գլխավոր պլանը այնպես վերաիմաստավորվեց, որ դեպի Մասիս բացվող բոլոր հեռանկարները փակվեցին կամ վերացվեցին», — պատմում է նա:
Բալյանի խոսքով՝ այդ ժամանակից ի վեր Արարատի պատկերն այլևս չէր մասնակցում քաղաքի տարածական հորինվածքին, և Ռաֆայել Իսրայելյանը լավատեղյակ էր այդ ամենին: «Նա առաջինն էր, ով կառուցեց հատուկ դիտակետեր՝ ուղղված դեպի բիբլիական սարը: Առաջինը «Չարենցի կամար» հուշակոթողն էր 1957-ին, ապա՝ «Արագիլ» ռեստորանը Մոնումենտում, որտեղից տեսարան էր բացվում Արարատի և նրա առջև փռված Երևանի վրա: 1967-ին Ջիմ Թորոսյանն ու Սարգիս Գյուրզադյանը կառուցեցին Հայաստանում խորհրդային իշխանության հաստատման 50-ամյակի հուշարձանը՝ հատուկ հարթակով, որտեղից հնարավոր եղավ դիտել Արարատն իր ողջ վեհությամբ: Բալյանը գտնում է, որ դա լավագույն դիտակետն է, մասնավորապես՝ այն առումով, որ համընկնում է Թամանյանի նախագծած Հյուսիսային առանցքի հետ: Ավելի ուշ այդ գաղափարն իր զարգացումը ստացավ Կասկադի համալիրի լուծման մեջ, որի վերաբերյալ ծրագրեր ուներ նաև Թամանյանը»:
Կարեն Բալյանը ցավով է նշում, որ վերջին 15 տարիների ընթացքում Երևանի կառուցապատումը կրկին անտեսում է ազգային գաղափարների կարևորումը: «Խնդիրը մեկ-երկու դիտակետերի ստեղծումը չէ, — վստահ է նա, — դա Երևանի և Արարատի զանգվածների միասնության խնդիրն է: Արարատը Երևանի գլխավոր դոմինանտն է, և մայրաքաղաքը պետք է զարգանա՝ հաշվի առնելով նրա առկայությունը: Երևանն իր ամբողջությամբ նայում է Արարատի վրա և ճարտարապետության գլխավոր խնդիրն է ապահովել, եթե կարելի է ասել, այդ գլոբալ դիտակետը»: